Ռուսաստանի եւ Վրաստանի ռազմական փորձագետների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանից Հայաստան որոշ ռուսական զորամասերի վերատեղակայման կարգի եւ պայմանների մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Զոլոտովը: Նրա խոսքերով, «հաջողվել է պայմանավորվել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես վրացական Սագարեջոյի շրջանում ռուսական ռազմական պահեստից զինամթերքի մի մասը Ռուսաստան փոխադրելու գործընթացն արագացնելու վերաբերյալ»: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, Բաթումից եւ Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցում կողմերի դիրքորոշումները մնացել են անփոփոխ` Ռուսաստանը նախկինի պես առաջարկում է 11-ամյա ժամկետ, Վրաստանը սահմանափակում է այն եռամյա ժամկետով: