AM
7 December 2002 - 16:02 AMT

ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՆԱԴԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայ-ռուսական հարաբերություններն, ինչպես նաեւ Կանադայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերն են քննարկվել Մոնրեալում` Կանադայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ, հայ-կանադական բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանի եւ Կանադայում Հայաստանի ու Ռուսաստանի դեսպաններ Արա Պապյանի ու Վիտալի Չուրկինի միջեւ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հանդիպմանը մասնակցել են նաեւ տեղի հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչները: Կանադացի պատգամավորի խոսքերով, Հայաստանում եւ Ռուսաստանում բարենպաստ տնտեսական իրավիճակ է ստեղծվել կանադական ապրանքների արտահանման համար: Կանադացի հայազգի գործարարներին հնարավորություն է ընձեռվել օգտվելու Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական զարգացումից, ինչը զգալի օգուտ կբերի բոլոր երեք պետություններին: