AM
20 Նոյեմբեր 2015 - 08:59 AMT

Շախմատի ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները 6-րդ տուրում հաղթել են

Ռեյկյավիկում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը նոյեմբերի 19-ին կայացած 6-րդ տուրում մրցել է Գերմանիայի ընտրանու հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Կանանց ընտրանին էլ նույն հաշվով հաղթել է Իսպանիայի հավաքականին:

Տղամարդկանց հավաքականի մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո. 1.Ռուսաստան- 11 միավոր, 2. Ֆրանսիա-10, 3. Ադրբեջան-9, 4-9. Հունգարիա, Ուկրաինա, Իսպանիա, Հայաստան, Լեհաստան, Լատիվա- 8 ական միավոր:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։