AM
15 November 2002 - 17:59 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԱՐԵՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՑ ԿՈՆՖԼԻԿՏԱԲԱՆԸ

Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Էթնիկ կոնֆլիկտներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Կոնֆլիկտների ուսումնասիրության միջազգային կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գեորգի Խուցիաշվիլին` ելույթ ունենալով Թբիլիսիում «Մարդու իրավունքների պաշտպանությունը` որպես միջէթնիկական համաձայնության հիմք» խորհրդաժաղովում: Ընդ որում նա նշել է տեղի ազգաբնակչության դժգոհությունները` այդ տարածաշրջանում սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակի առումով: Անկայունության կարեւոր ազդակ է, Խուցիշվիլու կարծիքով, նաեւ Ախալքալաքում ռուսական բազայի ներկայությունը, որի դուրսբերումը կարող է նպաստավոր լինել տարածաշրջանիում տիրող իրավիճակի համար: Համաձայնվելով այն փաստին, որ բազմաթիվ տեղի հայեր աշխատում են այդ բազայում` ապահովելով իրենց ապրուստը, Խուցիաշվիլին ընդգծել է Ջավախքում Վրաստանի իշխանությունների կողմից սոցիալ-տնտեսական ավելի ակտիվ քաղաքականության վարման անհրաժեշտությունը, ինչն, ըստ նրա, առայժմ չկա: