Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրաշարում հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը հաղթեց Վեսելին Տոպալովին:
Արոնյանը հավաքեց երկու միավոր ու հավասարվեց առաջատարներ Վիշվանաթան Անանդին ու Սերգեյ Կարյակինին:
Մինչ այդ Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի ու Անիշ Գիրիի հետ:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:
2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»:
Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։






