Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը (ՎՀ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին առաջարկում է իր ծառայությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում: Ինչպես հաղորդել է ՎՀ-ի քարտուղար Ջանի Բուկիկիոն, գրում է Բաքվի «525» թերթը, լինելով Եվրախորհրդի` ազգային օրենսդրական բազայի ստեղծման գործում եվրոպական պետություններին տեխնիկական աջակցություն ցույց տվող մարմին, հանձնաժողովն այս կամ այն երկրի իշխանություններին «նման խնդիրների լուծման առավել օպտիմալ սահմանադրական ուղիներ» է առաջարկում: Բուկիկիոյի խոսքերով, ՎՀ-ն այդպիսի աշխատանքի փորձ ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես Վրաստանում, որտեղ Եվրախորհրդի փորձագետները ՄԱԿ-ի` աբխազական խնդրի լուծման գործում գլխավոր միջազգային միջնորդի հետ միասին համագործակցում են Աբխազիայի կարգավիճակի որոշման հարցում: Այժմ Վենետիկյան հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում զբաղվելու նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մշակմամբ` հակամարտության քաղաղական կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ գործունեության շրջանակներում: «Ցավոք, մինչ օրս ԵԱՀԿ-ն հետաքրքրություն չի դրսեւորել մեր օգնության նկատմամբ», – ասել է Բուկիկիոն: Ինչպես նշել են Մինսկի խմբի համանախագահները, նրանք գերադասում են, որպեսզի տվյալ փուլում Վենետիկյան հանձնաժողովը չմիջամտի կարգավորմանը, ավելացրել է նա: Միեւնույն ժամանակ, համանախագահները չեն բացառել ապագայում հանձնաժողովի մասնակցության հնարավորությունը հակամարտության լուծմանը: Մենք ինքներս երբեք չենք պարտադրում խնդիրների լուծման մեր տարբերակները, նշել է Ջ. Բուկիկիոն: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորեն հակամարտող կողմերը: Այդ տարածաշրջանում տնտեսության զարգացման, մասնավորապես Ադրբեջանի կողմից իր մեծ ռեսուրսային ներուժի օգտագործման համար հնարավորությունների ստեղծման նպատակով այդ հնացած խնդիրը շուտափույթ կարգավորում է պահանջում, գտնում է Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարը: