Նոյեմբերի լույս 9-ի գիշերը Կրասնոդար քաղաքի հայկական եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, պայթուցիչ սարքը եկեղեցու կողմնային մուտքի ուղղությամբ նետվել է մոտ տարածքից: Վնասվել են ջրատար խողովակները, եկեղեցու դուռը եւ բետոնե սալիկը, որի վրա ընկել էր պայթուցիկը: Տուժածներ չկան: Դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցները դժվարացել են որոշել պայթուցիչ սարքի ծագումը: Իսկ «Երկրամաս» թերթի կողմից հրավիրված փորձագետի կարծիքով, դա եղել է մարտական նռնակ: Մինչդեռ, ինչպես հաղորդել է եկեղեցու աշխատակիցը, որը ցանկացել է անհայտ մնալ, ոստիկանության ներկայացուցիչները ստիպել են եկեղեցու պահակին մեղքը իր վրա վերցնել եւ ասել, որ պայթել է իր իսկ գցած պետարդան: