Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին եւ անհրաժեշտության դեպքում կրկին պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում, ինչպես դա եղել է 2001 թվականին: Այդ մասին, Բաքվում Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի կողմից նոր համանախագահ Անրի Ժակոլենին: Խոսելով իր նշանակման մասին` Ժակոլենին հաղորդել է, որ պաշտոնական Փարիզն անհրաժեշտ է համարում Մինսկի խմբում ունենալ ոչ թե միայն համանախագահ, այլ ղարաբաղյան խնդրի հարցով հատուկ դիվանագետ: Ժակոլենին տեղեկացրել է հակամարտությունների ոլորտում իր քաջատեղյակության մասին, ինչը կօգնի նրան նոր պաշտոնում: Այսպես` նա երեք տարի աշխատել է Բոսնիայում, դիվանագիտական առաքելություն իրականացրել Կիպրոսում, աշխատել ԵԱՀԿ սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հանձնաժողովում: