AM
4 November 2002 - 17:51 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Եվրոպայի եւ ԱՊՀ որոշ երկրների քաղաքական եւ տնտեսական շրջանակները Իրան-Թուրքիա գազատարին զուգընթաց հետաքրքրություն են դրսեւորում Իրան-Հայաստան գազատարի շինարարության նկատմամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Նրա խոսքերով, ներկայումս քննարկվում է գազի ոլորտում Իրանի եւ Հայաստանի համագործակցության երկու տարբերակ: Առաջինն` Իրան-Հայաստան գազատարի կառուցումն է, իսկ երկրորդը` Իրանի տարածքով թուրքմենական գազի տարանցումը Հայաստան: Մոտ ապագայում Իրանի կառավարությունը նախատեսում է լուրջ համագործակցություն սկսել Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության հետ` «Հարավային Պարս» գազի հանքավայրի շահագործման գծով: Դիվանագետն ընդգծեց, որ իրանական կողմն այդ հարցի առնչությամբ ճկունություն է ակնկալում Ռուսաստանի մենաշնորհատիրոջից: Նշենք, որ «Գազպրոմ» ընկերությանն է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը: Անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքին` դեսպանը նշել է, որ տարածաշրջանում առկա իրավիճակին ծանոթանալուց հետո ԱՄՆ-ն հնարավոր է, որ փոխի իր դիրքորոշումը: