Վերադառնալով Լոնդոն` բրիտանացի խորհրդարանականները ջանքեր կգործադրեն, որպեսզի Մեծ Բրիտանիայի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին մարդասիրական բնագավառում: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ հայտարարել է Ստեփանակերտում գտնվող բրիտանական խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Լորդերի Պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նրա խոսքերով, մինչեւ վերջերս Մեծ Բրիտանիայում շատերը պատկերացում չունեին ղարաբաղյան խնդրի մասին, սակայն հիմա նրա գործընկերների մեծ մասն արդեն հասկանում է հակամարտության էությունը: Բրիտանա-ադրբեջանական խորհրդարանական խմբի անդամ հանդիսացող Ռոբերտ Վայերինգը իր հերթին անդրադարձել է Ադրբեջանում փախստականների հիմնահարցին եւ հանդես է եկել նախկին բնակավայրեր նրանց վերդառնալու օգտին: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ Ադրբեջանի նավթային հանքերի մշակման համար արտասահմանյան ընկերությունների կողմից ծախսվող ահռելի գումարների մի մասը կարելի էր ուղղել այդ մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը: Անդրադառնալով Բաքվում բրիտանական խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հնարավոր բացասական ընկալմանը` Համայնքների պալատի անդամ Ջեյն Գրիֆֆիթսը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ է այցելել, քանի որ աշխարհում չկա հստակ պատկերացում այդ խնդրի մասին: «Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու խորհրդարանը քաջալերում են նման այցերը, հասկանալով դրանց կարեւորությունն իրադրության օբյեկտիվ ներկայացման համար: Եվ եթե Ադրբեջանում այս այցն ընկալեն այլ կերպ, ապա դա արդեն իրենց խնդիրն է», – ասել է նա: Բրիտանական պատվիրակության անդամների խոսքերով, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարան, այնպես էլ Եվրոպայի Խորհուրդ: