Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը անհանգստություն է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ 46 կոնգրեսականներ փաստացի ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը` հղելով շնորհավորական ուղերձ Արկադի Ղուկասյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին խոսք է գնացել Ալիեւի եւ Բաքվում այցով գտնվող Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ղեկավարն անհանգստացած է նաեւ այն տեղեկատվությունից, որ Բրիտանիայի խորհրդարանում, որոշ լորդերի նախաձեռնությամբ, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի անկախության հարցի քննարկումը: Իր հերթին, դեսպան Օրդուեյը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը եւ ոչ թե Կոնգրեսը»: Միաժամանակ նա նշել է, որ Բաքվում հանդիպելով ադրբեջանական հասարակության տարբեր քաղաքական եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ` էլ ավելի է համոզվել, որ «մենք բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերման համար»: