Մինսկում կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստում քննարկվել են հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի նախագահների միջեւ այս տարվա հունիսին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները: Մասնավորապես, խոսք է գնացել «ԲելԱր առեւտրի տուն» ՓԲԸ-ի կանոնադրական ֆոնդի ավելացման, բելառուսական ավտոմոբիլային եւ տրակտորային տեխնիկայի Հայաստան արտահանումը ընդլայնելու, 2002 թվականի բերքից բելառուսական սելեկցիայի սերմնացու կարտոֆիլի մատակարարման մասին: Բելառուսի ճարտարապետության եւ շինարարության նախարար Գենադի Կուրոչկինի եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի կողմից ստորագրված նիստի արձանագրության հիման վրա որոշվել է 2002-2003 թվականներին արտադրանքի փոխադարձ առաքումների ծավալը , ինչպես նաեւ ընդլայնել համագործակցության պայմանագրա-իրավական բազան: Հանձնաժողովի աշխատանքը պետք է նպաստի երկու երկրների ձեռնարկությունների եւ գիտա-տեխնիկական կազմակերպությունների միջեւ ուղղակի կապերի զարգացմանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, Հայաստանի տարածքում գրանցված են բելառուսական կապիտալի մասնակցությամբ 14 ձեռնարկություններ, որոնք հիմնականում, մասնագիտանում են առեւտրի, սննդամթերքի եւ կոշիկի արտադրության, մետաղագործության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Բելառուսական կապիտալի ներդրումների ծավալները Հայաստանի տնտեսության մեջ գնահատվում են 200 հազար դոլար: 2002 թվականի 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը Բելառուսի եւ Հայաստանի միջեւ կազմել է 2,5 միլիոն դոլար: