Բելառուսի եւ Հայաստանի առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման մեջ նկատվում է ապրանքաշրջանառության ընդլայնման հաստատուն միտում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Գենադի Նովիցկին` Մինսկում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` 2002 թվականի միայն ութ ամիսների ընթացքում այն աճել է 37 տոկոսով` ի համեմատ 2001 թվականի համապատասխան ժամանակահատվածի: Այս տարի Բելառուսը Հայաստան է արտահանել 1,3 մլն դոլարի ապրանք` հիմնականում դա դեղամիջոցներ են, տեխնիկա եւ շինանյութեր: Միաժամանակ, ԱՊՀ երկրների հետ Հայաստանն այսօր վերջին տեղում է Բելառուսի ապրանքաշրջանառության հարցում եւ այդ իրավիճակը երկու երկրներն էլ պատրաստ են շտկել, ասել է վարչապետը: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը հայ-բելոռուսական առեւտրա-տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ է, հաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը փոխշահավետ կապերի ամրապնդման հարցում: Ի հաստատում ասվածին, նախարարը տեղեկացրել է, որ Մինսկ ժամանած պատվիրակության կազմում քիչ չեն Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները, որոնք մտադիր են համագործակցել Բելառուսի մեքենա- եւ տրակտորաշինարարների հետ, ամրապնդել փոխգործողություններն ավիաուղիների զարգացման հարցում: