AM
29 October 2002 - 14:37 AMT

46 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԼՂՀ «ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԱՄՆ Կոնգրեսի 46 անդամներ նամակ են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին` շնորհավորելով նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Այդ ընտրությունները հստակորեն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը: Չնայած ընտրված իշխանությունների կողմից երկիրը կառավարելու ավանդույթը գործում է արդեն ավելի քան 10 տարի, սակայն միջազգային հանրությունը շարունակում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելուց եւ, ցավոք, այնքան հեռուն է գնացել, որ վարկաբեկել է ընտրությունները մինչեւ դրանց անցկացումը», – ասվում է նամակում: «Իտալիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից եւ Միացյալ Նահանգներից ընրություններին մասնակցած դիտորդները միաձայն հայտարարեցին, որ ընտրություններն ընթացել են ժողովրդավարական նորմերին համապատասխան: Չեն հայտնաբերվել քվեարկման ընթացակարգի խախտումներ, կեղծիքների կամ ընտրողների վրա ճնշման դեպքեր: Ընտրությունների նման հստակ կազմակերպումը եւ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին շատ հուսադրող են եւ լավ օրինակ կարող են հանդիսանալ նախկին խորհրդային այլ հանրապետությունների համար», – նշել են կոնգրեսականները: «Մենք հավատում ենք, որ հենց ընտրված ղեկավարությունն է ունակ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը եւ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցություններում շարունակելու արդյունավետ գործունեությունը», – ասվում է նամակում: