Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը Ռուսաստանը եւ Հայաստանը միասին պետք է ավելի դինամիկ լուծեն Վրաստանի ղեկավարության հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է հայ-ռուսաստանյան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Արտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նրա խոսքերով` առանց տրանսպորտային խնդիրների լուծման հազիվ թե հնարավոր կլինի հուսալ տնտեսական հարաբերությունների ակտիվ զարգացմանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` հատկապես ռազմավարական բեռների փոխադրմանը վերաբերող: Այդ 80 կմ երկաթուղու հատվածի վերականգնման համար անհրաժեշտ է երեք ամիս, տեղեկացրել է Ռիժկովը: Միաժամանակ նա նկատել է, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չի ցանկանում բացել այդ ճանապարհը, քանզի օգտագործում է այն որպես «քաղաքական լծակ` Աբխազիայի հետ հարաբերություններում»: «Այդ պատճառով մենք ստիպված ենք հաղորդակցվել շրջանցող ուղիով` Նովոռոսիյսկից Պոտի կամ Բաթումի եւ նորից վրացական ճանապարհով մինչեւ Երեւան»,- ասել է նա : Ռիժկովն ավելացրել է, որ գոյություն ունի բեռների տեղափոխման այլ տարբերակ` Աստրախան-Իրան-Հայաստան, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում: