Հայաստանը մշտապես կողմ է բոլոր հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծմանը եւ դեմ է ռազմական գործողություններին, որոնք բացասական ներգործություն կարող են ունենալ ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը` ընդունելով Հայաստանում Իրաքի գործերի հավատարմատար Թարիկ Յահյային` Երեւանում նրա դիվանագիտական գործունեության սկզբի կապակցությամբ: Դրվատվեց միջխորհրդարանական համագործակցությունը եւ հայ-իրաքյան պատգամավորական բարեկամության խմբի արդյունավետ աշխատանքը` հատկապես մարդասիրական չվերթների կազմակերպման առումով: Պարոն Յահյան իր երկրի խորհրդարանի նախագահի հատուկ շնորհակալությունը փոխանցեց ՀՀ Աժ նախագահին` այն ջանքերի համար, որ Հայաստանի բարձրագույն օրենսդրական մարմինը ներդնում է Իրաքի ժողովրդին ու պետությանը ստեղծված ծանր պայմաններում աջակցելու համար: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է Իրաքի առեւտրի նախարարի այցը Հայաստան, որը կակտիվացնի հայ-իրաքյան տնտեսական համագործակցությունը: