Ռուսաստանն ավարտել է Վրաստանից Հայաստան Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հիմնական նյութական միջոցների տեղափոխումը: Այսպիսով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը համալրվեց զգալի քանակության ինժեներական սարքավորուներով, ռազմամթերքով եւ ռազմական տեխնիկայի որոշ տեսակներով: Ինչպես գրում է ռուսաստանայն «Նեզավիսիմայա գազետա» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները, Հայաստան է տեղափոխվել մի քանի հարյուր վագոն ռազմամթերք` տանկերի եւ 120 մմ տրամաչափի հրանոթների համար եւ ականներ, ականազերծման, ջրի մաքրման, օդափոխման համար սարքավորումներ եւ այլն: Այդ ամենը, նշում է թերթը, անհրաժեշտ է ռազմական գործողությունների հաջող անցկացման համար, հատկապես` Անդրկովկասի լեռներում, որտեղ զորաշարժը սահմանափակված է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Բալուեւսկին հերքել է որոշ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվություններն այն մասին, որ տեխնիկայի հետ մեկտեղ Հայաստան են տեղափոխվել նաեւ զորամասեր: «Հայաստանում ռուսաստանյան զորքերի թվաքանակի ավելացում չի նախատեսվում»,- ասել է նա: Սակայն Ռուսաստանի գլխավոր շտաբի ներկայացուցչի հայտարարության մեջ թերասածություն կար, գրում է թերթը: Բանը նրանում է, որ Հայաստանում նյութական պաշարների ավելացումը թույլ է տալիս, անհրաժեշտության դեպքում, հաշվված ժամերում տեղափոխել այստեղ անհրաժեշտ զինուժ: Ենթադրվում է, որ դրանք ռուսական դեսանտային զորքերի արագաշարժ ուժեր կլինեն: