AM
10 October 2002 - 15:17 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պահանջում է Թուրքիայից վերացնել Հայաստանի շրջափակումը` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առավել բարենպաստման տնտեսական գոտի ձեւավորելու համար: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այդ մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կողմից նախապատրաստված օրինագծում, որն ուժի մեջ կմտնի Սենատում հաստատվելուց հետո: Օրինագծի քննարկման ժամանակ առաջարկվել է Թուրքիայի վերաբերյալ դրույթներն ընդունել այն պայմանով, որ ԱՄՆ ղեկավարությունը կպարտավորվի Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրել` վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Նույն աղբյուրների համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդական Ռիչարդ Արմիթաջը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի նախագահ Ուիլիամ Թոմասին, որում նշվում է, թե ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ ճնշում է գործադրում «Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի վերահաստատման» նպատակով: Նամակում ասվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտում նախապատրաստվում է զեկույց Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման տնտեսական նշանակության վերաբերյալ, որը կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը 2003 թվականի մարտին: