AM
9 October 2002 - 17:40 AMT

ԿԱՐԵՎՈՐ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ԿՈՂՄԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

Մեր ուժը միասնության մեջ է, եւ եթե Կովկասի ժողովուրդներին հաջողվի հաշտ ու խաղաղ ապրել, ապա այդ տարածաշրջանը չափազանց հրապուրիչ կդառնա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, այցով Թբիլիսիյում գտնվող, իր հայ գործընկեր Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել առանց դրանց վրա աչք փակելու: Անդրադառնալով Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի իրավիճակին` նա նշել է, որ այնտեղ, ինչպես եւ Վրաստանի բոլոր տարածաշրջաններում, կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Սակայն գլխավորն այն է, որպեսզի թույլ չտալ «երրորդ ուժին» խաթարել նորմալ հայ-վրացական փոխհարաբերությունները: Խոսելով Վրաստանի Ախալքալաքի շրջանից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին` Վրաստանի խոսնակը նշել է, որ այդ գործընթացը անցնելու է փուլ առ փուլ` հաշվի առնելով վրաց-թուրքական սահմանագծին ապրող հայ բնակչության հետագա անվտանգության ապահովման եւ աշխատատեղեր ստեղծելու հարցերը: Բուրջանաձեի խոսքերով, երկու պետությունների միջեւ կա բավականին պատկառելի օրենսդրական հիմք. ստորագրվել է 76 երկկողմ պայմանագիր, սակայն հարկավոր է արագացնել Բարեկամության եւ համագործակցության շուրջ պայմանագրի վավերացումը: