AM
4 October 2002 - 18:13 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Եվրախորհրդարանի ազդեցիկ պատգամավոր Օլիվիե Դյուպուին հանդես է եկել հայտարարությամբ, որում Եվրամիությանը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ մշակել միասնական ռազմավարություն` Եվրամիության անդամության թեկնածու երկրների ցուցակում նրանց ընդգրկվելու կապակցությամբ: Դյուպիի գլխավորած Անդրազգային արմատական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների Եվրամիության անդամության թեկնածուների ցուցակում ներառելու օգտին: Ակցիայի կազմակերպիչների մտահղացմամբ, փաստաթղթի տակ պետք է լինեն թեկնածու-երկրների օրենսդիր իշխանությունների ներկյացուցիչների ստորագրությունները: Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, դիմումի տակ, որն արդեն ստորագրել են Վրաստանի, Հայաստանի, Ալբանիայի, Խորվաթիայի խորհրդարանականներ, ոչ մի ադրբեջանցու ստորագրություն չկա: Տվյալ փաստը ադրբեջանական կողմը բացատրում է իրենց խորհրդարանականների անտեղյակությամբ: Ինչպես հաղորդել է Եվրամիության հետ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Անար Մամեդխանովը, «Եվրամիությանն անդամակցելն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Պարզապես ոչ ոք մեզ այդ հարցով չի դիմել»: