Ընթացիկ տարվա վերջին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը պաշտոնապես կբացվի Առեվտրային ներկայացուցչություն: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, այդպիսի որոշման կարեւորությունը պայմանավորված է հատկապես առեւտրա-տնտեսական հարաբերությունների բնագավառում գործունեություն ծավալող կենտրոնի գոյության անհրաժեշտությամբ: Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի տարածքում լավագույն տաղավարներից մեկը տրամադրվել է Հայաստանին: Այնտեղ մշտապես կցուցադրվի Հայաստանի արտադրանքը` սկսած ծանր արդյունաբերության ապրանքներից մինչեւ ոսկերչական իրերը: Ընդ որում, առեւտրային ներկայացուցչությունը կզբաղվի ոչ միայն Մոսկվայի, այլեւ տարածաշրջանների հետ հարաբերություններով:Ամբողջությամբ վերցրած, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում դեռեւս որոշ արգելակում է նկատվում, նշել է Արմեն Սմբատյանը` ավելացնելով, որ վերջին ժամանակներս որոշ առաջխաղացումներ կան, եւ, մասնագետների գնահատականով, ընթացիկ տարվա արդյունքում կապահովվի առեւտրային շրջանառության 12 տոկոս աճ: «Տնտեսական հարաբերությունների զարգացման հիմքը շատ ամուր է եւ դրա համար գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, այլեւ տարածաշրջանային կառույցների միջեւ հարաբերություններին: Ես կարծում եմ, որ մեզ դա կհաջողվի», – ընդգծել է Արմեն Սմբատյանը: