Ռուսաստանում տեղի ունեցող ազգամիջյան բախումներում հայկական գործոնի առկայությունը չի գերազանցում 3 տոկոսը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, բախումների պատճառները չի կարելի կապել միայն կենցաղային հարցերի հետ: «Ռուսաստանում գոյություն ունի ազգամիջյան երկպառակության խնդիր, սակայն այն առնչվում է ոչ միայն հայերին: Այն ուղղված է, առաջին հերթին, ոչ թե մեկ այլ երկրի, այլ հենց Ռուսաստանի դեմ», – ընդգծել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ «սափրած գլուխների» առնչությամբ անհրաժեշտ է դրսեւորել հնարավորին չափ մեծ զգուշություն, անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Միեւնույն ժամանակ, նշել է դեսպանը, հիմնական խնդիրը մնում է ապօրինի միգրացիան: Դրա լուծման ուղիներից մեկն Արմեն Սմբատյանը համարում է նախապատրաստվող օրինագիծը, որը Հայաստանի քաղաքացիներին կօգնի ստանալ պարզեցված տեսքի բնակության իրավունքի փաստաթուղթ: Սմբատյանի խոսքերով, օրինագիծը նախատեսում է այդ իրավունքի տրամադրման մի քանի տարբերակ` 1,3 եւ 5 տարով: Օրինագծի համաձայն, Հայաստանից արտագաղթածների կարգավիճակը չի տարբերվի ՌԴ լիարժեք քաղաքացիների կարգավիճակից, բացառությամբ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Հետագայում, Ռուսաստանի քաղաքացիության ստացումը կախված կլինի արդեն հենց իր` մարդու կամքից: