Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը փայլուն հաղթանակ է տարել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` հայկական կողմի ներկայացրած բոլոր վեց առաջարկությունները մտցվել են Հայաստանի առնչությամբ դիտարկման զեկույցի վերջնական տարբերակում, որն էլ հաստատվել է ԵԽԽՎ նստաշրջանի նիստում: Ինչպես հայտնի է, Հայաստանը պնդել է երկարաձգել Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացման ժամկետները: Համաձայն նոր խմբագրված զեկույցի, Հայաստանը պարտավոր է երկրում մահապատժի վերացում ենթադրող արձանագրությունը վավերացնել մինչեւ 2003 թվականի հունիսը, այլ ոչ մինչեւ ընթացիկ տարվա վերջ, ինչն ամրագրված էր մինչ այդ: Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ զեկույցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին վերաբերող դրույթներում: Հայկական կողմը կարողացել է հասնել զեկույցից «օկուպացված տարածքներ» բառակապակցության հանմանը, իսկ «տարածքային հակամարտություն» տարբերակի փոխարեն մտցնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը: Հայկական կողմի առաջարկությամբ զեկույցում նաեւ այնպիսի դրույթ է մտցվել, որի համաձայն, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Եվրախորհուրդը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել է Հովհաննիսյանը, Եվրախորհուրդն արձանագրել է, որ այդ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանը լուրջ առաջընթացի է հասել ժողովրդավարական գործընթացներում: Միեւնույն ժամանակ, Հովհաննիսյանի խոսքերով, ադրբեջանական կողմից նմանօրինակ զեկույցի առնչությամբ ներկայացրած 15 առարկություններից ոչ մեկը քվեարկության ընթացքում չեն ընդունվել: Չնայած, ադրբեջանական կողմը թուրքական պատվիրակության հետ համատեղ մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի սկսվելն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել եվրոպական երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: