Օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ռուս-վրացական հարաբերությունների հարցը, եւ դրա հետ կապված Հայաստանի հնարավոր արձագանքը Պանկիսի կիրճի իրադրության շուրջ ստեղծված զարգացումներին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով հայկական խորհրդարանում: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ հոկտեմբերի 6-7 Քիշնեվում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էդուարդ Շեւարնաձեն «կկարողանան քննարկել հարցերը եւ նվազեցնել լարվածությունը»: «Մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան լուծել այդ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով»,-ասել է նա: Նախարարը մեկ անգամ եւս հայտնել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների նորմալացման գործում որպես միջնորդ հանդես գալու Հայաստանի պատրաստակամության մասին: Եթե լարվածությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հանգեցնի ռազմական գործողությունների, ապա կտուժի նաեւ Հայաստանը, նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: