Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Վրաստանի կառավարությանը` Սամցխե-Ջավախեթի շրջանի հայ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանում գտնվող Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ հանդիպման ժամանակ: Առաջնային խնդիրների թվում Հայաստանի ղեկավարը նշել է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը եւ Վրաստանի հասարակական կյանքում Ջավախքի հայերի ինտեգրացումը: Իր հերթին, Մոսիաշվիլին նշել է, որ ներկայումս այդ տարածաշրջանի բնակիչների համար մշակվում է հատուկ սոցիալ-տնտեսական ծրագիր: Առաջնահերթ խնդիրներից նա առանձնացրել է Հայաստանը Վրաստանի հետ կապող ավտոմայրուղու վերանորոգումը, ջրի եւ էներգիայի մատակարարումը: Մոսիաշվիլին ընդգծել է նաեւ, որ «իրավիճակը տարածաշրջանում կայուն է»: