AM
24 September 2002 - 18:52 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՐԵՎԷ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

ԱՄՆ-ը ոչ մի դեպքում ղարաբաղյան հակամարտության լուծման որեւէ տարբերակ չի պարտադրում, այլ պնդում է միայն խնդրի շուտափույթ կարգավորում: Այդ մասին հայ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է ցանկացած որոշում, որը կընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, եւ որը ձեռնտու կլինի հակամարտության բոլոր կողմերին: Դիվանագետի խոսքերով` 2001 թվականին կողմերն ավելի քան երբեւէ մոտ էին խնդրի լուծմանը, բայց այնուհետեւ այն ձախողվել է: «Մենք հանդես ենք գալիս քաղաքական կամք դրսեւորելու կարողության օգտին»,- ասել է նա: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետների մասին` նա հաղորդել է, որ, ըստ երեւույթին, պետք է սպասել Հարավային Կովկասի երկրներում 2003 թ. կայանալիք ընտրությունների ավարտին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ԵԱՀԿ-ի հետ համատեղ ամեն կերպ կաջակցի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում օբյեկտիվ եւ արդար ընտրությունների անցկացմանը, որպեսզի «ժողովրդի ձայնն իրականում լսվի»: