Վերջին հակահայկական դրսեւորումները Ռուսաստանի Կրասնոդարի երկրմասում հանգեցրել են հայկական համայնքի համախմբմանը տեղական Օրենսդիր ժողովի առջիկա ընտրություններում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, վերջերս Կրասնոդարում կայացած ներմուծվող տեխնոլոգիաների հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է տեղի սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Պետրոպավլովսկին, որը համարվում է երկրամասի իշխանությունների գլխավոր քաղաքական տեխնոլոգը առաջիկա ընտրություններում: Նա կանխատեսել է համայնքի հավաքական քվեարկությունը, ինչը չափազանց իրատեսական է դարձնում հայազգի թեկնածուների հաղթելու շանսերը մի շարք շրջաններում: Սոցիոլոգը նշել է, որ հայերը շատ ակտիվ են պատրաստվում ընտրություններին եւ դա հասկանալի է` նրանք քանակով երկրորդ ազգային խումբն են երկրամասում եւ վերահսկում են Կուբանի տնտեսության մոտ 30 տոկոսը: Ընդ որում, Պետրոպավլովսկին ներկաների ուշադրությունն է գրավել այն բանի վրա, որ երկրամասի խորհրդարանի ապագա կազմը «բաժանելու է ամենաթանկը, ինչ կա Կուբանում` հողը»: Այնպես որ, հայտարարել է նա, «բորբոքել կրակը այս կամ այն շրջանում, որտեղ հայեր կառաջադրվեն, շատ հեշտ կլինի, քանի որ առաջիկա ընտրություններին մասնակցելու են 16 շահագրգիռ կողմեր, այդ թվում եւ ազգային պատկանելության հիման վրա»: Առավել եւս, ավելացրել է երկրամասի սոցիոլոգիական կենտրոնի տնօրենը, որ «ոչ մի նախընտրական արշավ չի անցնում օրենքի խիստ պահպանման պայմաններում»: