Թուրքիայի ղեկավարությունը եւ Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը տեղեկություններ ունեն որոշ ուժերի կողմից Կարսի եւ Իգդիրի շրջաններում հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ պետական մակարդակով առեւտուր սկսելու օգտին քարոզչություն վարելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը` ավելացնելով, որ դրա կասեցման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: Դեսպանը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Թուրքիայի Հայաստանին սահմանակից տարածքներում բնակվող որոշ ադրբեջանցիներ հանդես են գալիս հայերի հետ տնտեսական համագործակցության օգտին: Ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է, որ «պաշտոնական Անկարայի քաղաքականությանը հակառակ գործող քաղաքացիների նկատմամբ կիրառվում են համապատասխան միջոցներ, իսկ երկրի արեւելյան որոշ շրջանների ղեկավարներ արդեն հեռացվել են պաշտոններից` Հայաստանի հետ առեւտրային շփումներ կազմակերպելու փորձերի համար»: Ադրբեջանի դեսպանությունը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկում, նպատակաուղղված Թուրքիայի ղեկավարության շահերին հակասող քաղաքականության չեզոքացմանը, ընդգծել է դեսպանը: Ի դեպ, բոլոր այդ փորձերն ապարդյուն են, կարծում է Մամեդ Ալիեւը: Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան պահպանում է իր սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում, եւ Հայաստանի հետ որեւէ համագործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել մինչեւ նրա կողմից «ադրբեջանական հողերի օկուպացման» դադարեցումը: