Անցյալ շաբաթ Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին աջակցություն է հայտնել ավելի քան 20 իրավապաշտպան կազմակերպություն, կրոնական եւ էթնիկ խմբեր: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը տեղեկացնում է, որ տվյալ օրինագծին աջակցող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներին եւ 34 սենատորներին, մասնավորապես, միացել են Հրեական կազմակերպությունների խորհրդատվական միությունը, Կենտրոնական Ֆլորիդայի հոլոքոսթի հիշատակման միությունը, ԱՄՆ ռուսների Կոնգրեսը, Քրիստոնեա-հրեական փոխըմբռնման միությունը, Հակամարտությունների կարգավորման, պաշարների եւ հետազոտությունների ինստիտուտը, Լուիզիանայի զարգացման ֆրանսիական խորհուրդը, Ամերիկայի ալբանցիների ազգային խորհուրդը, Ամերիկայի Սլովենական հետազոտական կենտրոնը եւ այլ կազմակերպություններ: Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանության մասին հիշատակում պարունակող բանաձեւը, որը նվիրված է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 15 ամյակին, նախատեսվում է քննարկել ԱՄՆ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: