Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հրապարակել է Մարդկային զարգացման 2003 թվականի ՄԱԿ-ի զեկույցը: Զեկույցը ներկայացնում է մարդկային զարգացման մակարդակի դիտարկման արդյունքները աշխարհի 175 երկրներում: Այդ տվյալների համաձայն, Հայաստանը, գրավելով 87-րդ տեղը, դասվում է միջին զարգացում ունեցող երկրների շարքին: Նշենք, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ամենամյա դիտարկման հիմնական ցուցանիշներն են հետեւյալ 3 բաղադրիչները` կյանքի տեւողությունը, բնակչության մեկ անձին բաժին ընկնող եկամուտը եւ կրթական մակարդակը: Պետք է նշել, որ, տվյալների ոչ ճիշտ հաշվարկի հետեւանքով նախնական զեկույցում Հայաստանը թյուրիմացաբար գրավել էր 100-րդ տեղը: Այս սխալը ուղղվել է եւ վերջինիս մեկնաբանությունները ներկայացվել են Մարդկային զարգացման զեկույցի էլեկտրոնային էջում: