Եթե արտակարգ ոչինչ չպատահի, մինչեւ ընթացիկ տարվա վերջը Հայաստանը կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչությանն առընթեր օրենսդրության եւ տնտեսական քաղաքականության հայ-եվրոպական կենտրոնի գլխավոր խորհրդատու Ալեքսեյ Սեկարյովը: Նրա խոսքերով, Հայաստանը կատարել է ԱՀԿ բոլոր պահանջները եւ լիովին պատրաստ է անդամակցելու այդ կազմակերպությանը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության զարգացման վրա, թույլ կտա ավելացնել արտաքին առեւտրի ծավալը: Ինչպես իր հերթին հայտնել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակից Մայքլ Վայզանը ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերջնական քննարկման ընթացքում, ԱՄՆ ներկայացուցիչը մտադիր է բարձրացնել Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունից շուտափույթ արդյունքներ չպետք է ակնկալել, հայտարարել է նա` ավելացնելով, որ անկասկած, ժամանակի ընթացքում այն անպայման պտուղներ կտա: «ԱՀԿ-ի կազմում չընդգրկված փոքր երկրները դուրս են մնում մեծ տնտեսական քաղաքականությունից, եւ այդ կառույցին անդամակցելը նրանց համար խիստ կարեւոր է»,- ասել է Վայզանը: