Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրության կողոպուտը, որն անհնար է դարձրել թերթի հետագա լույս ընծայումը, կապված է Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր Ժողովի գալիք ընտրությունների հետ: Այդ մասին հայտարարել է թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը: Նրա խոսքերով, թերթը զգալի ազդեցություն ուներ Կուբանի հայկական ընտրազանգվածի վրա եւ ինչ-որ մեկը շատ էր ցանկանում մեկուսացնել «Երկրամասը» նախընտրական քարոզչությունից: Թերթի աշխատանքը վերսկսելու, նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ ամբողջ տեղեկատվական բազան վերականգնելու համար նախնական տվյալներով անհրաժեշտ է ավելի քան երեք հարյուր հազար ռուբլի: Այդ հարցում Տիգրան Թավադյանը ակնկալում է բարեգործների եւ ընթերցողների աջակցությունը: