AM
6 September 2002 - 14:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Վրաստանի եւ Հայաստանի կամ Ադրբեջանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագրի կնքումը անհնար է տեխնիկական չափանիշների անհամապատասխանության պատճառով: Ինչպես հաղորդում է «Փրայմ-Նյուս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի եւ վառելիքի նախարար Դավիթ Միրցխուլավան: Սակայն, նա նաեւ նշել է, որ ձմռանը էլեկտրաէներգիայի դեֆիցիտի առաջացման դեպքում ուսումնասիրվում է այդ երկրներից Վրաստան էլեկտրաէներգիայի ուղղակի ներմուծման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Վրաստանը նախատեսում է էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագիր կնքել Ռուսաստանի «ԵԷՍ» բաժնետիրական ընկերության հետ: Դավիթ Միրցխուլավայի խոսքերով, համաձայնագիրը կնքելուց հետո Վրաստանը կկարողանա ձմռանը ռուսաստանյան էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ ստանալ, իսկ ամռանը` վերադարձնել պարտքը հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին: