AM
12 August 2002 - 16:49 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԻՊՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆԴԱՄԸ

Եվրոպական կառույցների հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անիրավազորության մասին ստիպված քայլ էր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն: Նա նշել է, որ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն ցանկանում ոչ մի կերպ ազդել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցություններին: «Դա սակայն չի նշանակում, որ Ղարաբաղում ընտրություններ չպետք է անցկացվեն: ԼՂՀ-ն պետություն է հանդիսանում, եւ ընտրությունների նպատակն է` նպաստել այդ պետության ամրապնդմանն ու ուժեղացմանը»,- ասել է նա: Փալոնեի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացումը եվրոպական արժեքներին Ղարաբաղի ժողովրդի նվիրվածության ապացույցն է: «Մենք ժամանել ենք նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու` նպատակ ունենալով արտաքին աշխարհին ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է ժողովրդավարական եւ ազատ պետություն»,- նկատել է ԱՄՆ կոնգրեսականը: Ինչպես գտնում է Փալոնեն, ԼՂՀ-ն ունի անկախ եւ կայուն երկրի բոլոր գործոնները, ինչն իր հերթին պետք է օժանդակի ներդրումների իրականացմանը հանրապետություն: