Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Մերաբ Ադեիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կարող է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանին, «որն արդեն մի քանի օր է, ինչ արգելքներ է ստեղծում դեպի Մոսկվա չվերթներ կատարող վրացական ավիաընկերություններին` թույլատրելով նրանց թռչել միայն գիշերային ժամերին»: Ադեիշվիլին ասել է, որ այն դեպքում, եթե շարունակվեն կիրառվել նման «լուրջ եւ սկզբունքային» միջոցներ, ապա գործը կարող է հասնել ընդհուպ մինչեւ խնդիրների առաջացմանը Հայաստանի ավիաընկերությունների հետ, որոնց չի թույլատրվի օգտվել Վրաստանի օդային տարածքից Ռուսաստան մեկնելու համար: Այդ կապակցությամբ նա հույս հայտնեց, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ կոնֆլիկտային իրավիճակը Ռուսաստանի հետ կհաջողվի կարգավորել բանակցությունների միջոցով: Նախարարը տեղեկացրել է, որ կապվել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Ֆրանկի հետ, որը հայտարարել է, որ վրացական ավիաընկերությունների ցերեկային թռիչքների ժամանակավոր արգելքը պայմանավորված է ռուսաստանյան զինվորականների պահանջով, որոնք զորավարժություններ են անցկացնում Հյուսիսային Կովկասում: Ադեիշվիլին չի բացառել, որ այդ արգելքը կարող է երկարաձգվի մինչեւ հոկտեմբերի 1-ը, սակայն Վրաստանը մտադիր չէ համաձայնվել հարցի այդպիսի դրվածքով: Նրա խոսքերով` ռուսաստանյան կողմի դիրքորոշումն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ եւ նպատակ ունի դժգոհություն առաջացնել հասարակության մեջ: