AM
7 August 2002 - 18:32 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՊԵԿԻՆ

Չինաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրավերով ընթացիկ տարվա սեպտեմբերին Պեկին կմեկնի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորած զինվորական պատվիրակությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդ Յույ Սյաոյույը, ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ զարգանում է, մասնավորապես, երկու ուղղությամբ. շփումներ ռազմաքաղաքական բնագավառում եւ զինվորական կադրերի պատրաստում: Ներկայումս Լոյան քաղաքի օտար լեզուների ռազմական ինստիտուտում սովորում է հայկական բանակի սպաների մի խումբ: Առաջիկա տարիներին Չինաստանում նախատեսվում է նմանատիպ եւս մի քանի խմբերի ուսուցում: Ռազմական կցորդի կարծիքով, Հայաստանի եւ Չինաստանի բանակների միջեւ ռազմական համագործակցությունն արդեն անցել է նախնական փուլը: Դա նշանակում է, որ երկրներից յուրաքնչյուրը կարող է մյուսի հետ համագործակցել սեփական հնարավորություններին եւ ցանկություններին համապատասխան: