Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացը շարունակվի, ապա տաս տարի անց տարածաշրջանում խնդիրներ չեն լինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի անդամ Հասան Քոնին: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Քոնին նշել է, որ նախկին ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմի «Նոր Թուրքիա» կուսակցության իշխանության գալու դեպքում մեկ տարի անց կբացվի Կարս-Գյումրի երկաթուղին: Մինչդեռ «Նոր Թուրքիա» կուսակցության անդամ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գենուլ Սարայն գտնում է, որ Թուրքիան չի կարող Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել միակողմանի ռեժիմով` երկու կողմերն էլ պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն: Առաջին քայլը պետք է կատարի Հայաստանը` տրամադրելով միջանցք Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Դրանից հետո, նշում է պատգամավորը, Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի վերջինս գնա Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման: Միայն այդ դեպքում, գտնում է Գենուլ Սարայը, կարելի է խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին: