Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջընթացի հասնելը բարձրագույն առաջնայնություն է հանդիսանում ԱՄՆ-ի համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Փոլ Քելլի նամակում` կոնգրեսական Ֆրենք Փալլոնեի վերջերս կայացած ամերիկա-թուրքական բանակցությունների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Փ.Քելլին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլը եւ նրա տեղակալ Մարկ Գրոսմանը հուլիսի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ կայացած քննարկման ընթացքում «հատուկ ուշադրություն են դարձրել ցամաքային սահմանի բացման հարցին»: Պետքարտուղարի օգնականի խոսքերով, Աբդուլա Գյուլն հայտնել է ամերիկյան կողմին, որ դրական է գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ Մադրիդում կայացած բանակցությունների արդյունքները եւ վերջինիս հետ նոր հանդիպում է ակնկալում սեպտեմբերին` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: