AM
30 July 2002 - 13:49 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայ-թուրքական սահմանի բացումը փոխշահավետ է երկու երկրների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` Թուրքիայի հետ պետք է կարգավորել եւ դիվանագիտական, եւ տնտեսական հարաբերությունները, «սակայն դրանց հիմքում պետք է լինեն ոչ թե նախապայմաններ, այլ փոխադարձ հետաքրքրություն` առկա խնդիրները եւ հակասությունները լուծելու համատեղ քննարկումների եւ ուղիներ փնտրելու համար»: Տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ զարգացումը ներդրումների առումով գրավիչ կդարձնի
ամբողջ Հարավային Կովկասը, որտեղ կիրագործվեն ավելի կարեւոր եւ ծավալուն նախագծեր, ընդգծել է վարչապետը: Նշենք, որ եվրոպական մի շարք փորձագետների կարծիքով, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասը ամեն տարի կազմում է մոտ 500 մլն դոլար: Համաձայն Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի զեկույցի, տնտեսական շրջափակման վերացումից հետո Հայաստանը կարող է կրկնապատկել իր արտահանումը եւ կրճատել առեւտրային դեֆիցիտը: