AM
26 July 2002 - 19:13 AMT

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Օրերս Ժնեւում տեղի են ունեցել եզրափակիչ ոչ ֆորմալ բանակցությունները Համաշխարհային առեւտրի կազմակերպության կազմում Հայաստանի ընդգրկման վերաբերյալ: Ինչպես «Արկա» գործակալությանն է հաղորդել Հայաստանի կողմից բանակցող խմբի ղեկավար, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը, ՀԱԿ-ի անդամ-երկրների ներկայցուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում կողմերը հասել են համաձայնության` մասնավորապես, Հայաստանի տնտեսական օրենսդրությանը վերաբերող «Ազգային զեկույցի» կետերի մեծամասնության, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցման մեթոդների եւ ծավալների վերաբերյալ: Փոխնախարարի խոսքերով, ՀԱԿ-ի անդամակցությանը հավակնող երկրները իրենց վրա են վերցնում միջին հաշվով մոտ 20 պարտավորություններ, իսկ Հայաստանի դեպքում մնացել է կատարել ընդամենը 4-ը: Դավթյանը նշել է նաեւ, որ բանակցությունների մասնակից-երկրները հավանություն են տվել սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ՀԱԿ-ի անդամ դառնալու վերաբերյալ եզրափակիչ` արդեն նախարարների մակարդակով, հանդիպման անցկացմանը: Դրանից հետո այդ կազմակերպության Գերագույն խորհուրդը մինչեւ տարեվերջ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի անդամակցությունը ՀԱԿ-ին: