AM
21 Հուլիս 2020 - 13:31 AMT

ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Մեծամորի ԱԷԿ-ի հարցին՝ հարվածի սպառնալիքի մասին հրապարակումներից հետո

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղյակ է ԶԼՄ հրապարակումներին, որոնք վերաբերում են «միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման» սպառնալիքին, PanARMENIAN.Net-ին ասացին ՄԱԳԱՏԷ-ից։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլը սպառնացել էր, թե իր երկիրը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա իբրևէ պատասխանել էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Հայկական կողմից ոչ մի պաշտոնյա նման սպառնալիք չի հնչեցրել։

«ՄԱԳԱՏԷ-ն ԶԼՄ հրապարակումների շնորհիվ տեղյակ է միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման սպառնալիքին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք այս հարցին»,- նշել են գործակալությունից։

Ավելի վաղ France 24-ի եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ ադրբեջանական կոմղի նմանօրինակ հայտարարությունները, նախևառաջ, սպառնալիք են իրենց ժողովրդի համար։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։