Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։Այդ մասին հայտարարել է պաշտպանության նխարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակը նշել է նաև, որ հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-ասվում է գրառման մեջ։
Պաշտպանության բանակն իր հերթին տեղեկացնում է, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:
Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:
ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






