AM
19 July 2002 - 17:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՐԱՎՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ

Հայաստանի ԱԳՆ-ն ստացել է իր հարցման պատասխանը` Երուսաղեմի Հայկական պատրիարքարանին պատկանող հողերը իսրայելական բանակի կողմից գրավելու վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով ներկայումս Իսրայելի կառավարությունը բանակցություններ է վարում Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի ներկայացուցիչների հետ հարցի երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով: «Մենք մշտական կապի մեջ ենք Իսրայելի կառավարության հետ»,- նշել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա ձեռնպահ է մնացել այն հարցի պատասխանից, թե ունի՞ արդյոք հայկական կողմը իրավական հիմքեր այդ հողերը պահելու համար: «Մենք ուսումնասիրում ենք հիմնախնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակներրը: Իհարկե, կարող են լինել տարբեր միջոցներ: Սակայն առաջին հերթին պետք է պարզաբանել իրավիճակը Իսրայելի կառավարության հետ, հետո միայն կարելի է որոշել, թե ինչ քայլեր ձեռնարկել: Արդեն այն փաստը, որ իսրայելական կողմը բանակցությունների մեջ է մտել հողերի իսկական տերերի` Հայկական պատրիարքարանի հետ, լավատեսություն է ներշնչում»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ իսրայելական պաշտպանական գերատեսչությունը մտադիր է այդ տարածքում բաժանիչ պատ կառուցել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: