AM
20 February 2009 - 15:07 AMT

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ ոքի է ավարտել Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումը

Հայաստանի ֆուտզալի հավաքականը փետրվարի 19-ին Վառնայում (Բուլղարիա) մեկնարկած ԵԱ-2010 նախնական փուլի առաջին հանդիպմանը ոչ ոքի է ավարտել Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումը: Այն ընթացավ լարված պայքարով: Հանդիպման սկզբում բուլղարացի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, բայց 3 րոպե անց պատասխան գոլով աչքի ընկավ Վլադիմիր Մխիթարյանը, իսկ առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի հավաքականը Արմեն Դանիելյանի ջանքերով առաջ անցավ հաշվում: Երկրորդ խաղակեսում Բուլղարիայի հավաքականին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, որը պահպանվեց մինչեւ խաղի ավարտը: Նշենք, որ հայկական հավաքականը կարող էր հաղթանակ տանել վերջին րոպեներին, բայց Գրիգոր Կապուկրանյանը չկարողացավ իրացնել 10-մետրանոց տուգանային հարվածը:

B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցների` Լատվիայի եւ Էստոնիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց լատվիացիների մեծ հաշվով տարած հաղթանակով` 5-0: Այդ հաղթանակից հետո Լատվիայի հավաքականը խմբի առաջատարն է: Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը: Խումբն ամփոփում է Էստոնիայի հավաքականը:

Այսօր երեկոյան Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի խմբի առաջատար Լատվիայի հավաքականի հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը կհանդիպի Էստոնիայի հավաքականի հետ:

Նշենք, որ հաջորդ նախընտրական փուլի ուղետոմսեր կստանան խմբերի չորս հաղթողները եւ երկրորդ տեղերը զբաղեցրածներից երկու լավագույն հավաքականները: