Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` հաստատելով բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման հասնելուն նպաստելու պատրաստակամությունը։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:
Մակրոնը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր բարեկամական վերաբերմունքի մասին և պատրաստակամություն հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի, երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






