AM
16 Նոյեմբեր 2020 - 14:40 AMT

Ռուս խաղաղապահները լուծում են Դադիվանք հավատացյալների ազատ այցի հարցը

Ռուս խաղաղապահները լուծում են հավատացյալների կողմից Դադիվանք ազատ այցելությունների հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

IX դարում կառուցված Դադիվանքը գտնվում է Արցախի Քարվաճառի շրջանում, որը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, անցնելու է Ադրբեջանին։

Նա նշել է, որ տեղի բնակիչների խնդրանքով ռուս զինվորականները դիտակետ են տեղակայել այնտեղ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փոխգործակցում է տեղի իշխանությունների հետ կրոնական համայնքների հարցերի լուծման գործում»,-ասել է Կոնաշենկովը։

Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր` դրանք իջեցվել էին նոյեմբերի 14-ին։

Ավելի վաղ վանահայրը հայտնել էր, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ հայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։