AM
12 Դեկտեմբեր 2020 - 09:37 AMT

ԱԻՊԾ․ Անհետ կորածների հարազատներին թույլատրել են միանալ որոնումներին

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին երկու ջոկատ է աշխատել Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Այդ օրը Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։