AM
12 Հուլիս 2002 - 15:07 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունը հանդիպում է ունեցել ՌԴ գործող կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի առաջնորդ արքեպիսկոպոս Երզաս Ներսեսյանը: Ինչպես հաղորդում է «Ռուսաստանյան թերթ»-ը, թեւ հանդիպումը կապված չէր վերջերս հաճախակի դարձած ծայրահեղական դեպքերի հետ, սակայն, ակնհայտ է, որ ազգային եւ կրոնական հողի վրա կատարվող հանցագործությունների թեման հնարավոր չէր շրջանցել: ՆԳՆ-ում կայացած հանդիպումը անցել է փակ դռների ետեւում, սակայն ՌԴ ՆԳ փոխնախարար Վլադիմիր Վասիլեւը հաղորդել է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի ՆԳՆ եւ կրոնական դավանանքների ներկայացուցիչները համագործակցության նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի «հարցերի լայն շրջանակով»` մասնավորապես, կրոնական եւ ազգային հողի վրա տեղի ունեցող իրավախախտումների պրոֆիլակտիկայի, կրոնական ծայրահեղականության հիմնախնդիրներով, ինչպես նաեւ այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման մեթոդներով: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում տեղի է ունեցել ընդհարում տեղի երիտասարդության եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջեւ, իսկ հուլիսի 9-ին զանգվածային ծեծկռտոց է եղել Նովոսիբիրսկում պահպանական ֆիրմաներից մեկի աշխատակիցների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջեւ: