Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ելույթում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ագրեսիվ նկրտումները։
Նա հիշեցրել է՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով:
«Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությանը», – նշել է Գրիգորյանը։
Նա անդրադարձել է ևս մեկ աղաղակող փաստի՝ ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակի» բացմանը, որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զինված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները:
«Այսպես կոչված «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթն այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարն իրական ֆաշիզմի դրսևորում է», – ասել է նա։
Գրիգորյանն ասել է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:
ԱԽ քարտուղարը Դուշանբեում է աշխատանքային այցով: Ապրիլի 28-ին նա երկկողմ բանակցություններ է վարել իր ռուս պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ։ Ապրիլի 29-30-ը ներառյալ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանում։






