Այսօր Երեւանում «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր են ստորագրել Հայաստանի եւ Իրանի նախարարներ Արմեն Մովսիսյանը եւ Հաբիբ Օլլահ Բիթարաֆը: Փաստաթուղթը կոնկրետացնում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում երեք հիմնական ծրագրերի իրականացման ժամկետները: Նախատեսվում է, որ մինչեւ օգոստոսի վերջ կավարտվի Ագարակի հոսանքափոխիչ կետի շինարարությունը, որը գնահատվում է 585 հազար դոլար: Իրանական «Սանիր» ընկերությունը արդեն տրամադրել է այդ գումարի մեծ մասը: Հուշագիրը նաեւ նախատեսում է, որ հուլիսի վերջում կստորագրվի «Սյունիք-Կենտրոն» էլեկտրահաղորդիչ բարձրավոլտ գծի Ագարակ-Շինուայր տեղամասի շինարարության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում: Այդ նպատակով «Սանիրը» կտրամադրի եւս 10 միլիոն դոլար: Հետագայում հայկական կողմը կփոխհատուցի իրանական կողմի ներդրումները էլեկտրաէներգիայի առաքումներով: Հուշագրում նաեւ հաստատված է Արաքս գետի հիդրոտեխնիկական պոտենցիալի օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքների ժամանակացույցը: Ստորագրման արարողությունից հետո Ա. Մովսիսյանը եւ Խ. Բիթարաֆը ընդգծել են, որ «հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը լուրջ խթան է հանդիսանում տարածաշրջանային համագործակցության զարգացման համար»: